Դպրոցի պատմություն

Դպրոցի պատմական տեղեկանք

     «Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը գտնվում է Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասում:

     «Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը  Բարաբաթումի N12 ութամյա դպրոցի իրավահաջորդն է:

     Դպրոցը ներկայիս շենքում տեղակայվել է 1990 թվականին: Շենքը հարմարեցված է, հզորությունը 55 աշակերտ — տեղ:

     Դպրոցը բացվել է 1907 թվականին՝ որպես միդասյա երկսեռ դպրոց: 1911-1912 ուսումնական տարում ունեցել է 40 աշակերտ, որից 18-ը՝ աղջիկ, 1912-1913-ին՝ 37 աշակերտ, որից 8-ը՝ աղջիկ:

     Դպրոցը պահվել է հիմնականում «Արամազդ»-ի միջոցներով:

     Դասերը վարվել են մասնավոր տներում: Հայտնի է, որ դպրոցական առաջին շենքը կառուցվել է 30-ական թվականների սկզբին՝ բանավանի բնակիչների միջոցներով:

     Դպրոցի տնօրեններն են եղել Դանիել Խաչատրյանը, Անահիտ Անդրեասյանը, Կոլյա Մանասյանը, Բագրատ Նիկողոսյանը, Ավետիք Գևորգյանը, Գրիգոր Մարգարյանը, Գուրգեն Հայրապետյանը, շուրջ 30 տարի /1959-1992 ուս. տարիներ/ Ալյոշա Մարտիրոսյանը, Ռոբերտ Դավթյանը:

     2012 թվականից սկսած դպրոցի տնօրենն է բարաբաթումցի Անահիտ Սիմոնի Ավանեսյանը:

     Բարաբաթումի դպրոցում նախնական կրթություն են ստացել գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լյովա Մինասյանը, մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերժ Սարգսյանը, գիտությունների թեկնածուներ Սուրեն Սողոմոնյանը, Ժորա և Գրիշա Իսախանյանները և անվանի այլ անձինք:

     Բարաբաթումցի հոր զավակ է անվանի գրոյսմաստեր, կրկնակի օլիմպիական չեմպիոն, Հայաստանի շախմատի հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանը:

     2010թ.-ին դպրոցն անվանակոչվել է 1985-1990 թթ.-ին ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի նախագահության նախագահ Հրանտ Ոսկանյանի անվամբ:

     Ներկայումս դպրոցում սովորում են 33 աշակերտ, որոնք համալրում են հիմնական դպրոցի թվով 9 դասարանները:

     Դպրոցում աշխատում են 12 մանկավարժ, որոնք համարվում են 3 մեթոդական միավորումների անդամներ՝ տարրական, հումանիտար և բնագիտական առարկաների:

     Դպրոցի մանկավարժական կոլեկտիվում ընդգրկված են գիտակ, հմուտ մանկավարժներ, որոնք լավ են հասկանում ժամանակի թելադրանքը և իրենց գործունեությունը կազմակերպում են տեղի ունեցող փոփոխություններին համապատասխան: Դպրոցում աշխատում են երիտասարդ մանկավարժներ, որոնց կողքին են փորձառու մասնագետներ:

     Դպրոցում միշտ բարձր մակարդակով կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ, գործում են տարբեր խմբակներ, որոնք էլ ավելի են նպաստում սովորողների հայրենասիրական, գեղագիտական, ֆիզիկական և հոգևոր դաստիարակությանը: