Մեր գրադարանը

<<Գիրքը մարդկային ոգու ամենամաքուր էությունն է>>:

Այսօրվա սերունդը մեր ապագայի կերտողն է, ինչպես և գրքի հարատևման երաշխիքը:

Մանկան շուրթերից հնչող գեղեցիկ և կիրթ խոսքը հուշում է , որ գիրքը շարունակում է մնալ որպես կարևորագույն արժեք:

Կապանի թիվ 12 հիմնական դպրոցի գրադարանն ունի հետաքրքիր հայ և ռուս գրականությամբ հագեցած լուսավոր և ընդարձակ ընթերցասրահ, որտեղ պարբերաբար անց են կացվում բազմաբնույթ միջոցառումներ, ցուցադրվում են բովանդակալից ցուցահանդեսներ՝ նվիրված հիշարժան և նշանավոր տարեթվերին:

Գրադարանում ձեռք են բերվել ձայնային սարքավորումներ, համակարգիչ և ապահովված է ինտերնետ կապով:

Գրադարանի նպատակն է բովանդակալից միջոցառումների շնորհիվ ամրապնդել գրադարան-ընթերցող կապը, ընդգծել գրադարանի, գրքի, ընթերցանության դերի բարձրացման խորհուրդը:

Գիրք կարդալու արվեստի գաղտնիքները ընթերցողին սիրով և նվիրվածությամբ հասցնելը մշտապես եղել է գրադարանավարի աշխատանքի հիմքում:

Նա գրքի և ընթերցանության հանդեպ հետաքրքրությունև սեր արթնացնելու գործում իր լավ դերն ունի և սիրով է սպասարկում դպրոցի բոլոր աշակերտներին: Երեխաների ոգևորությունն ու խանդավառությունը մեծ է հատկապես նորացված մանկական գրականության շնորհիվ:

Դպրոցի գրադարանն ունի մոտ 650 կտոր գրականություն: Գրքերի մի մասը ձեռք են բերվել սեփական միջոցներով, որոշ մասն էլ՝ նվիրատվությամբ: Երախտագիտությամբ ենք հիշում մեր բարերարներին, մասնավորապես՝ մաթեմատիկական գիտությունների թեկնածու Սերժ Սարգսյանին, ում ջանքերով լրացվել են մեր գրադարանի ֆոնդերը:

2017թ.-ի հունվար ամսին մեր դպրոցին կրկին անգամ անակնկալ մատուցեց գրադարանի հին բարեկամ Սերժ Սարգսյանի եղբայր Եփրեմ Սարգսյանը՝ նվիրելով մեծաքանակ ռուս գրականություն՝ մեր գրադարանին մաղթելով երկար ու բարի ուղի:

Թեև այսօր զարգանում է էլեկտրոնային գիրք ընթերցելու մշակույթը, այնուհանդերձ, սովորական գիրքը երբեք չի կորցնի իր արժեքն ու գրավչությունը: Չէ՞ որ գիրքը միշտ համարվել է սրբություն, իսկ գրադարանը՝ յուրատեսակ սրբավայր: